Գլխացավ



Գլխացավ... ի՞նչ պատճառներով այն կարող է առաջանալ: Պատճառները տարբեր են՝ սթրեսսը, եղանակային փոփոխությունները, անկանոն սնվելը...

-Երբ հիվանդը դիմում է բժշկին գլխացավով, բժիշկը պետք է անպայման որոշի գլխացավի բնութագիրը: Այսինքն, ե՞րբ է այն սկսվում, օրվա ո՞ր ժամերին, ինչի՞ց է սկսվում, պետք է հաշվի առնի սադրիչ գործոնները, ինչի՞ց է դադարում կամ պակասում գլխացավի ինտենսիվությունը, գլխացավի տեղակայումը, տևողությունը, պատճառը, նաև՝ ուղեկցող ախտանիշները:

Գոյություն ունեն գլխացավի առաջացման տարբեր պատճառներ: Հաճախ ենք լսում արտահայտությունը,-՛՛ Գիշերը լավ եմ քնել, սակայն առավոտյան արթնացել եմ ուժեղ գլխացավով ՛՛: 

-Առավոտյան գլխացավերը լինում են հիպերտենզիոն բնույթի, այսինքն՝ ներգանգային ճնշման բարձրացման պատճառով առաջացած գլխացավեր: Այդ գլխացավերը լինում են բորբոքային պրոցեսների ժամանակ՝ գլխուղեղի արախնոիզիդ, մինինգիտ, մինինգոէնցեֆալիտ, գլխուղեղի աբսցես, նաև՝ գլխուղեղի ուռուցքների ժամանակ, անոթային մեխանիզմով առաջացած գլխացավերը, այսինքն՝ գանգի խոռոչից երակային արտահոսքի դժվարացման պատճառով առաջացած գլխացավ:

Գլխացավը ոչ թե հիվանդություն է, այլ՝ տարբեր խնդիրների արտաքին դրսևորում, քանի որ ուղեղում են տեղակայված ցավն ընդունող նյարդային վերջավորությունները: Յուրաքանչյուր մարդու մոտ այն արտահայտվում է յուրովի:

-Այդ գլխացավերը ավելի շատ նկատվում են առավոտյան ժամերին, հիվանդն արթնանում է ծոծրակային հատվածի ծանրության զգացումից, գլխացավը ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, այն կրում է պայթող բնույթ, գլխացավը երկարատև է և անցնում կամ պակասում է միզամուղների հաճախ ընդունելու արդյունքում:

Դրանցից շատերի բուժումը հնարավոր է միայն ժամանակին կատարված ճիշտ ախտորոշումից հետո: 

-Գլխացավը այնպիսի ախտանիշ է, որը կարող է լինել լուրջ հիվանդության ազդանիշ և դրա համար անհրաժեշտ է դիմել բժշկի և նյարդաբանական, պարակլինիկական հետազոտություններ կատարել (ակնահատակի զննում, ողնաշարի պարանոցային հատվածի և գլխուղեղի անոթների դուպլեքս սքանավորում, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, էխոէնցեֆալոգրաֆիա, եթե կա անհրաժեշտություն՝ գլխուղեղի համակարգչային շերտագրում և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա):