Ի՞նչ է արգանդի միոման. պատճառներ և բուժում #MedExpress #գինեկոլոգիական #ծառայություն



Լսելով ախտորոշումը՝ արգանդի միոմա, շատ կանայք խուճապի են մատնվում: Հանգստություն: Միոման, իհարկե, հաճելի երևույթ չէ, սակայն նաև չի պատկանում «քաղցկեղ» անվամբ հայտնի սարսափելի հիվանդությունների թվին:

Ի՞նչ է միոման

Միոման (ֆիբրոմիոմա) մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է: Արգանդի միոման առաջանում է այն պատճառով, որ արգանդի բջիջները ինքնաբերաբար սկսում են ակտիվորեն կիսվել: Պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ այդ գործընթացը խթանում է էստրոգեն հորմոնների չափից ավելի արտադրությունը: Կոպիտ ասած, էստրոգենները խթանում են միոմայի աճին, իսկ պրոգեստերոնը, հակառակը, հետաճ է առաջացնում: Սա, սակայն, չի նշանակում, որ արյան մեջ էստրոգենների և պրոգեստերոնի նորմալ քանակությունը վկայում է միոմայի բացակայության մասին: Արգանդում էստրոգենների մակարդակի փոփոխությունն առավել հաճախ չի ազդում կամ քիչ է ազդում արյան մեջ այս հորմոնների պարունակության վրա:

Համաձայն բժշկական վիճակագրության՝ միոմա հանդիպում է 30 տարին լրացած կանանց 20 տոկոսի մոտ: Ընդ որում, առավել հաճախ արգանդի պատին առաջանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուռուցքային հանգույց՝ տարբեր չափսերի:

Միոմաները տարբեր են լինում, որոշները կարող են «նստե» արգանդի պատին, կարող են աճել դեպի արգանդի խոռոչը կամ էլ դեպի որովային խոռոչը:

Ի՞նչը կարող է նպաստել միոմայի առաջացմանը

-Ժառանգական նախատրամադրվածությունը (արգանդի միոմա ունեցել է մայրիկը կամ տատիկը),
-Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները,
-Անպտղությունը և վիժումները,
-Նյութափոխանակության խանգարումը (ճարպակալում, շաքարային դիաբետ),
-Բազմաթիվ աբորտները,
-Գիտնականները վերջերս նաև պարզել են, որ միոմայի առաջացման և սթրեսի միջև ևս ուղիղ կապ կա:

Ինչպե՞ս գլխի ընկնել

Արգանդի միոման սովորաբար առանց ախտանշանների է զարգանում: Սակայն կան մի քանի նախանշաններ, որոնցով կինը կարող է ենթադրել, որ արգանդի միոմա ունի.

-Դաշտանի ընթացքում չափազանց առատ արյունահոսություն,
-Դաշտանային ցիկլի խանգարում,
-Ցավեր որովային ներքևի մասում կամ գոտկատեղում:

Չնայած տարիներ շարունակ կարելի է ապրել՝ առանց կասկածելու միոմայի գոյությունը, սակայն հիվանդությունը կարող է մի շարք տհաճություններ պատճառել.

-Ուժեղ արյունահոսությունը կարող է սակավարյունություն առաջացնել,
-Մեծացած ուռուցքը կարող է ճնշել հարևանությամբ գտնվող օրգանները, այդ դեպքում կառաջանան ցավեր, միզարձակման դժվարություն, փորկապություն,
-Խնդիրներ են առաջացնում բեղմնավորման, հղիության և ծննդաբերության ընթացքում:

Ախտորոշումը և բուժումը

Միոման ժամանակին բացահայտելու միակ ճիշտ տարբերակը տարին մեկ անգամ գինեկոլոգի մոտ ստուգման գնալն է: Այն առավել հստակ ախտորոշում են ուլտրաձայնային հետազոտության միջոցով: 
Բուժումը կախված է հիվանդի տարիքից և պլաններից:Եթե տարիներ շարունակ միոման չի աճում և կինն էլ հղիանալ չի պլանավորում, ապա կարելի է բուժել դեղահաբերի միջոցով: Հորմոնալ միջոցները թույլ են տալիս դանդաղեցնել և անգամ որոշ դեպքերում կանգնեցնել աճը:

Երիտասարդ կանանց, ովքեր ուզում են երեխա ունենալ, բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ վիրահատություն անցնել՝ հեռացնելու ուռուցքը: Սակայն եթե ուռուցքային հանգույցները չափազանց շատ են կամ էլ շատ մեծ են, բժիշկները ստիպված են լինում հեռացնել ողջ արգանդը: